Լաց զգալու առիթներ

46150222_10156496850381677_7711095746782560256_o
Կյանքում ամեն ինչ գին ունի: Լաց զգալու առիթներ շատ կան, կապ չունի երջանկություն ես գտել թե տխրություն: Ուզում ես մեկը լինի որ կիսվես, որ ասես ու տրվես քո սրտի տագնապներին: Լուսավոր շատ բաներ են կատարվում, դու հաճախ տեղդ չես գտնում, մի աշխարհ գանձ ունես տալու, անելիքներդ խառն են, դու շատ հաճախ ես ցավում ու բոլոր տեսակի խարխուլ մտքերը քեզ դարձնում են ոչ հիմնային, անպատասխանատու, փչացող: Ու եթե այս պահին չգտնես կյանքիդ կամքը շատ հաճախ կկործանվես: կկորցնես քեզ ավելի հաճախ քան ձեռք կբերես: Ինքդ գլխիդ տերն ես, սովորաբարի պես ընդունվում ես աշխատանքի, փախչում ես ամենահարմար պահին ու չես կարողանում դիմանալ, ուզում ես չլինեն, ուզում ես չլինել: Ու զգացումների այս ճնշվածության տակ դու դադարում ես զգալ.

կծիկ եմ դառնում

f764aa2bdc6ea99c68645bb13b8fe81a
Ես կամաց-կամաց խելագարվում էի, սկսել էի բարձրաձայն հետդ խոսել, երբ ներկա չես, հարցեր էի տալիս, պատկերացնում ինչ կասես, երբ գալիս էիր իրավիճակը թեքում էի իրականության մեջ ու ստանում նույն պատասխանները ինչ ենթադրել էի: Ես այդ փաստից միայն հրճվում էի, ինձ հաճելի էր զգալ, որ գիտեմ քեզ: Տանել չեմ կարողանում, երբ մտքերով ես, երբ քնում ես ու չկաս: Մի օր ասացիր, որ դու միշտ ես քնած անգամ եթե քնած չես: Մի շարք պահեր կան, որ ես տեսնել չեմ ուզում, սրտից թույլ եմ: Մի տեսակ չեմ աշխատում այլևս ու այն ինչ ինձ հետ կատարվում է շատ եմ բարդացնում: Ասացիր, որ ծանր եմ ապրում, ճիշտ ես, ես հակառակը պնդեցի, քանի որ պարզ երևում էր, որ դա քեզ դուր չի գալիս: Ես ծանր եմ ապրում, վերջերս շատ եմ լաց լինում, թեպետ հակառակը պիտի լիներ: Ուղղակի ես սպասում եմ մի այնպիսի բանի, որը չի գալիս, ես համարյա միսս եմ ծամում ու չեմ պատմելու ու կիսելու վախերս: Ես կատարվում եմ մի քիչ տարօրինակ է, բայց չեմ հասկանում:
Ես գիտեմ ինձ, ես գիտեմ այնքանով, որ ինձ խանգարում եմ, իմ մտքերը չեն թուլանում, դրանք միշտ կան վառ ու անթափանց: Ես դատարկվում եմ չկարողանալով ասել ցանկություններս: Չէ՛, ես խորը չեմ, ես վատ դերասան եմ ու գիտեմ դրա մասին: Ես չեմ կարողանում կանչել քեզ: Ես դեռ շատ բան չեմ կարողանում, բայց այն ինչ մնում է մի զանգ ավել կամ պակասն է: Ես ու դու հեռավորության մեջ կլինենք այնքան քանի ես չեմ ասում ինչ եմ ուզում: Երևի երբեք էլ չասեմ, քանի որ ինձ համար ավելի թանկ ես քան ես:
Որոշել եմ խնայել ինձ, խնամել ինձ, պաշտպանել ինձ, շոյել ինձ, սիրել ինձ: Դու երևի չգիտես, որ սովորաբարին հարմար մեկի հետ քո կյանքը շատ ուրիշ կլիներ: Վերջերս շատ եմ ծխում, խմում: Դա թող չանհանգստացբի քեզ, քանի որ այն ինչ խառնում է ինձ միշտ ներսում կմնա, իսկ դրանք քիչ չեն: Ժամանակը պակասում է, առաջ ժամանակս դանդաղ էր գնում, ես գրեթե չէի տեսնում ինչպես են աչքերս տասներկուսն անց փակվում: Իսկ հիմա ես արթուն եմ գրեթե միշտ:
Ես քո համար ամեն ինչ ստեղծել եմ ուզում, գրեթե ամեն ինչ: Ես պատրաստ եմ, երևի վախենալ կարելի է ամեն ինչից, երևի կարելի է վախենալ, որ չեմ վախենում: Մի տեսակ այնպես հանգիստ եմ ինչպես երբեք չեմ եղել: Եվ այսքանից բացի ես մտածելու ուժ ու տեղեր չունեմ: Միակ խնդիրը մնում է այն, որ ես այլևս տուն գնալ չեմ ուզում:
Կյանքում առաջին անգամները ինձ մոտ ուշ-ուշ են գալիս, գրեթե չեն գալիս: Այս առաջին անգամ ինձ թվում է, թե բարձրանում եմ և իրոք այն ամենն ինչ կատարվում է ինձ բարձրացնում է, չգիտեմ թե ուր ու հետաքրքիր էլ չէ: Ես քո ձայնն եմ լսում միշտ, հաճախ ցույց եմ տալիս շատ բաներ ու այն ինչ ինձ նեղացնում էր այլևս չի խանգարում ու ես ինձ լավ եմ զգում ՝ չունենալով առաջվա վախերը: Ես քեզ սիրում եմ ու այն ինչ զգում եմ շատ ուժեղ է յուրաքանչյուր սինթետիկ վախից ու ցավից: Ես վստահ եմ, որ մեր միջև երբեք չի լինի այն ինչ սովորաբար լինում է նորմալների մեջ: Ես վստահ եմ, որ այն ինչ ապրում եմ այսօր ժամանակի մեջ ամենաերկարը կլինի, քանի որ դու իմ սիրտն ես, իսկ ես առանց սրտի չեմ ապրում: Ես առանց քեզ երբեք չեմ ապրելու, մի քիչ վախենում եմ, որ դու որոշես առանց ինձ ապրել, բայց դե չմտածեմ դրա մասին: Ժամանակի հետ դու ոչ թե փոքրանում ես ինչպես սովորաբար նորմալների մոտ, այլ ծավալվում ես:
Մարդուն ապրումների մեջ քցելու պատճառները միշտ պիտի լուրջ լինեն: Մարդիկ երբեմն չեն հասկանում ինչպես են օտարանում, բայց դա մեր եղելության ամենահեշտ հասկացվող վիճակներից է: Նա, ով կարևոր է միշտ պիտի լինի սրտումդ, ապրումները ծանր տրվող պահեր են ու պիտի արժանի լինեն իրականությանը, չնայած որ դրանց փրկելու են գալիս շատ հավանական թվացող արդարացումները: Վերջիններս մարդկանց հեռվացնում են, այն ինչ բացատրության կարիք է ծնում միշտ օտարացնում է: Մարդիկ խորթանում են, երբ իրար նկատմամբ արցունք են թափում: Նրան, ում սիրում ես պիտի վեր պահես, իջեցնես վեր, բարձրացնես ներքև: Ժամանակի հետ շատ բաներ մանր են թվում, բայց ամեն թվացյալ անողնաշար ապրում վերք է ծնում: Վերքերը չեն լավանում, դրանք իրենց հերթին ծնում են վախեր ու անհավատներ: Երբ մարդիկ կորցնում են իրար նկատմամբ հավատը էլ ոչինչ չի վերականգնվում:
Կարոտը ամենածանր ապրումն էր, որ երբևէ զգացել եմ: Ես շատ բաների միջով եմ անցել, գրեթե չեմ ծնկել, բայց կարոտի առաջ ես կծիկ եմ դառնում:

Խառնվելու մեծ տաղանդ ունեմ

41336418_348481802555826_3140979608711593984_n

Խառնվելու մեծ տաղանդ ունեմ. այն միշտ ավելի ուժեղ է քան այն մատերիալ տաղանդը, որը ես արհեստ եմ համարում, հոգևոր մակարդակով՝ արվեստ: Ամեն ինչ քանդելը հեշտ է միշտ ու ես կարողանում էի՝ հավերժ անինքնավստահ մնալով իմ մտքերի ու ցանկությունների առաջ: Ես սկսել էի խոսել, դա իմ ժամանակի մեջ բավականին բարդ էր, իսկ հիմա հասկանում եմ,որ երբեք տեղ չէի տալիս իմ ցանկություններին՝ ինձ չդիտարկելով որպես մարդ, որ այս կամ այն կուզի: Ես հարմարվող եմ, ես միշտ հարմարվում եմ այն մարդկանց ում սիրում եմ՝ հավերժ արհամարհելով թե ինչ եմ զգում ու ցանկանում: Ինձ համար այդ արհամարհանքը բխում է նրանց հարմարավետություն տալուց, իսկ ես անտեսում եմ ինձ, կուլ եմ տալիս՝ չասելով, օրինակ, թե գիտե՞ս, հիմա քայլել եմ ուզում, ես սպասում եմ թե երբ ինձ համար ամենաթանկը կուզի: Ես այնքան փոքրացած եմ իմ ցանկությունների մեջ, որ անգամ չգիտեմ ինչ եմ ուզում ուտել: Գիտեմ, որ ինձ համար դա ամենաքայքայող նյութերից դարձավ: Ես այդպես էլ չկարողացա ասել, թե ինչ եմ ցանկանում: Իսկ ամենատհաճն այն է, որ այս փոքր գլուխը սկսկում էր մեղադրել և՛ ինձ, և՛ նրանց: Ես ինչի՞ կարիք ունեմ, չգիտեմ: Ես չեմ զգում արդյո՞ք պետք է նոր գործ սկսել, մի շապիկ ավել հագնել, դրսում անմոռաց նստել, թե ուղղակի ապրել: Իմ ցանկությունների անհստակ լինելուց ես կոտրվում էի, իսկ քանդվում էի հավերժ սպասելուց: Ժամանակը չեմ սիրում, քանի դեռ պատկերացնում եմ, որ մինչ ես նստած եմ իմ կիսաքանդ աթոռին մեկը կազմում ու ավարտում էի իր գործերից գրեթե լավագույնը: Մի քիչ անցավ ու ես վերջապես գտա ինչից են քանդվում իմ նմանները, մենք երևի չենք հավատում մեզ՝ հավերժ ծեծելով դռներ, որտեղից մեզ ձայն են տալիս: Գիտե՞ք ինչի է նման: Երկու փակ դուռ կա, մեկից անունդ ես լսում, որ կանչում է քեզ, մյուսում լույսն է վառ ու լռություն է, իսկ ներսում սիրելիդ, քո սրտի դարավոր սիրելին, որի ձայնն ու կանչը հավերժ սպասելի է, բայց չէ՞ որ նա չգիտի քեզ ու քո ցանկությունները, իսկ դու չես հավատում, որ նա սպասում է, թե երբ քո նմանը դուռը բաց կանի, իսկ դու ընտրում ես դռներ, որտեղից ձայնդ է լսվում ու որտեղ սպասված ես: Պոռթկում եմ, երբ ասելիքներս կուտակվել են, չգիտեմ, ինչ ասել, երբ փորձում եմ հասկանում եմ, որ դրանք էլ այն չէին: Ես դեռ փնտրում եմ: Ժամանակից եմ կառչում, թվում է թե ստոր եմ: Ես այսօր զղջում եմ այն ամենի համար ինչ չարեցի, ես կեղտոտ մտքերով քանդում էի այն ինչ կառուցել եմ: Չէի սպասում, արհամարհում էի, ազդվում, խառնվում, տանջվում, կուլ տալիս ինձ, անպատասխան թողնում ամեն ինչ, անհավատ մնում, հրում էի ինձնից բոլոր լույսերը, որ իմ մթության մեջ էին վառվում: Դադարելու ժամանակը եկավ, այլևս չեմ կարողանում խառնված ու կորսված ապրել:

Մի տեսակ ընտանիք ես

Հնարավոր է ես կյանքում չպիտի լինեի, հնարավոր է չկամ: Ես այդպիսին եմ, ինչ ինձ հետ չի կատարվում ավելի շատ է ծակում սիրտս: ՄԻ օր այսպես ենք մի օր այնպես, դետալներ են փոխվում, տրամադրություն է գնում-գալիս, իրար նկատմամբ գոյություններ են փոխվում, անգործ կամ գործուն ապրում ենք, փոքր կամ մեծ ապրում ենք: Այսօր աշուն ենք մտնում, շատ բաներ են փոխվելու, մի բան ասելիս միշտ աշխատում եմ դրական լինել, քանի որ աշնանը ես խառնվում եմ: Աշնանն իմ արվեստն ինձ չի գրկում, դու բարձրանում ես, հեռախոսի զնգոցներն էլ նշանակություն չունեն, մենք փոխում ենք դետալներ, որ փոխվի այն ինչին սպասում ենք: Երբեմն ինձ շատ բառեր են քանդում, ինձ ավելի շատ քանդում են իրենցից ոչինչ չենթադրող բառերը, ուղղակի հնչածները, պարզապեսները, անիմաստները: Վախերը միշտ կապվում են առհասարակ գոյություն չունեցող վիճակներից ու այն ինչ ավելի քան պարզ է դառնում է բարդ: Ժամանակը գնում է ու մի աշխարհ կյանք էլ հետ չի գա, չեն վերադառնում հիմնականում լավ օրերը, վատերը միշտ շատ են մնալու: Դու չես տեղավորվում քո աթոռին, երևի փոխել է պետք, բայց դժվար հասկանաս այդքան շուտ որ մի աթոռ այս կողմ այն կողմ դու նույն քաշն ու բոյն ունես, քանի որ այդ վիճակներում դու հիմնականում ոչ ավելանում ես ոչ նվազում: Ես այդ երաժշտության քառասունութերորդ րոպեն եմ սիրում, դրանից չեմ հոգնում, այդ վայրկյանից ինձ հարմարավետ է ապրել, մի տեսակ այն է ինչ կատարվում է: Ես տագնապներ չեմ զգում, ամեն ինչ նման է կարագի, համն ըստ իս տարօրինակ է, պարունակությունը մեր օրերում ոչ այնքան լավը ինչքան անցյալում, երբ մի քիչ փոքր էինք: Ես ավելի շատ տանը չեմ լինում, երբ տանն եմ: Գալիս են վախկետ մտքեր ինչ եթե այսպես լինի, ու թվում է թե միշտ քիչ սեր եմ տալիս նրանց, ովքեր սրտիս մեջ են ապրում ու դրանից ես մահանում եմ: Քանի որ գնահատված ամեն ինչ դժվար է ամենօրյա կենցաղ դարձնել, այդպես էլ լինելու է, ես միշտ կվախենամ քիչ լինելուց, քիչ տալուց, քանի որ միշտ է այդպես: Դու ինձ ընտանիք ես, իմ ընտանիքում երրորդը, ես շատ հարուստ չեմ այդ հարցերում, բայց լիքն եմ: Ես ափսոսում եմ, որ երբեմն քիչ եմ ասում ու տալիս, ինչպես հորս ու մորս հարցում: Ես միշտ վախենում եմ, որ նրանք չեն լինի, քանի որ գիտեմ, որ կյանքի ծրագրում նման խաղերը շատ են, բայց չեմ դիտարկում նրանց չլինելը ոչ մի դեպքում, պարզապես մտքեր են, որ ստիպում են ավելի սիրուն գրկել այն ինչ կա, դու ինձ ընտանիք ես ու նույն վախերն ունեմ: Նրանցից հաճախ ենք նեղվում, կառչում բառերից ու էլի օտարանում առանց զգալու, որ ժամանակի մեջ մենք նրանցն ենք ու կգա մի այլ ժամանակ, երբ նրանք մերը չեն լինի: Որակով կյանքի համար ոչ փողերն են փրկելու, ոչ արցունքները, երևի գնահատել է պետք այն ինչ կա, ես հաճախ եմ ուզում սիրել իմ ընտանիքը, որտեղ ես ուժեղ եմ, երևի շատ կթվան բառերը, բայց դրանք պետք են ինձ գոնե չփոշմանելու համար: Ժամանակի մեջ գնահատական եմ ուզում: Ընտանիքում ամեն ինչ հարթ չի լինում մեկ մեկ խառնվում ենք, բայց նրանք ովքեր կան հավերժ են, նրանք են ու վերջ: Այ ինչ էլ փոխենք ընտանիքը կմնա մշապես բարձրը, դուրս կգա բոլոր փորձերից ու խաղերից, մենք այդտեղ ընտրելու շանսեր չունենք, քեզ էլ չեմ ընտրել: Մի տեսակ ընտանիք ես, որտեղ անգամ տան մեծ սեղանի տեղը փոխելիս սկզբում տարօրինակ եմ զգում, բայց փոխել միշտ պետք է:

Ես հարգում եմ կանանց

9cf3e28a256db37f4670eac19ded3126.jpg
Կանայք, ովքեր կանգնում են զգեստապահարանի առաջ ու փակ աչքերով հագնում ինչ ձեռքի տակ ընկնի, կներեք, ես ձեզ արհամարհում եմ, որովհետև դուք ձեզ չեք հարգում: Ուզում ես եղիր հրուշակագործ, եղիր լեդի պիտի կարողանաս մտածել քո շուրջ, քո մասին, մատուցել քեզ, ահա ինչ է ճաշակը: Այն վայրի է, սիրում է երբ խնամում են ամեն օր, եթե դավաճանես երկար կողքիդ չի մնա: Ճաշակն այն է ինչ զգում ես քո նկատմամբ, ինչ կարծիք ունես, շատ անգամ ինչ կարծիք կուզես կազմեն մյուսները: Նման կանայք հաճախ սիրում են շլացնել, ոչ թե գրավել: Երկու աշխարհների բաժանարարը ամենանուրբն է: Մի շրթներկ ավել, մի զարդ պակաս ու դու սխալվել ես:
Ես հարգում եմ կանանց, ովքեր վայրի վերաբերմունք ունեն քննադատության նկատմամբ: Ես չեմ տանում անտարբերությունը, նմանները շատ աղվեսորեն քողարկում են խանդն ու նախանձը, շատ են սիրում ուրիշի տակ փորել:
Ես հարգում եմ կանանց, ովքեր ոչ թե ճիշտ այլ լավ են հագնվում: Երբ աչքդ ընկնում է վրան մի պահ շունչդ պահում, կանգնում ես ու արագ դնում ակնոցդ, նա քեզ հետաքրքիր է ուզում ես հիշել ամեն դետալ ու հայացք: Իսկ նրանք, ովքեր ճիշտ են հագնվում, գնում են դասերի, որ սովորեն ինչպես գնումներ կատարել, ճիշտ գույնի հագուստ ընտրել, հավաքել բազային զգեստներ, ներեցե՛ք, ես կլռեմ այդ մասին:
Փորձե՛ք, եղեք լավագույնը, հագնվեք այնպես, որ ստիպեք հագնվել:
Չեք ցանկանում հաղթել ուրեմն միջակություն եք ուզում, այո՛, կլինեք շարքային ու ձեզ փրկելու չեն գա ո՛չ սիրամարգի պճնանքերը, ո՛չ աշխարհի գանձերը:
Հանճարեղ է, բացել ստեղծագործական կարողությունը, չեմ տեսնում ոչինչ հետաքրքիր, չկա բալանս, չեմ հասկանում ինչից է կարված: Ճաշակների տնային տնտեսուհու արտահայտիչ ու պարզ բայց աչքի զարնող հիանալի համադրող պլաստիկայով: Մի ուրիշ տեղ գլխին գունավոր դդումներ ու գնում է մրջյունների փառատոնին կամ հագուստը գնել է կենդանիների խնամքի խանութից: Արտահայտիչ երբեք չի նշանակի կրկեսային:
Ես սկսեցի ձևավորել կյանքը, որովհետև ցանկացա մարդկանց կատարյալ տեսնել: Երբ ես կորցրի ինձ, սկսեցի պայքարել, քանի որ ցավոտ էր: Երբ ցավ տեսա սկսեցի ձևավորել ինձ, որ լինեմ այն ինչ ցանկանում եմ: Մի օր հիվանդանոցում տեսա մի կնոջ՝ ծեծված, ջարդված, ամուսնու կողմից մինչև մահ եփված ու ծեծված: Մի միտք եկավ, ես ցանկացա, որ մարդիկ վախենալու չափ սառսռեն կնոջից ում կհագցնեմ: Այդպես էլ եղավ:

դուք մեզնից եք

cc272055b6c04682283da3ef414e17fa
Ես էլ հոգնեցի:
Անգամ բարի լույսն էր քչանում, ես զգում էի մի արհեստածին բան, մի բան, որից սովորաբար վախենալ էր պետք: Իսկ արդյո՞ք վախենում էի քեզնից, չէ, ավելի շուտ ես վախենում էի քեզ չտեսնելուց:
Ընդամենը մի քանի օր առաջ ուրիշ էիր, երևի ես շատ եմ մտածում կամ իմ սրտում ավելի շատ ես: Գոնե իմաց տուր, որ բարի լույսս արևով սկսվի, գիտեմ ՝ երբեմն հոգնում ես, կարող ես հոգնել նաև ինձնից: Բայց բնական ամեն ինչ հարգելի է, տեսնես ի՞նչ ենք խոսելու, ի՞նչ ենք անելու, սպասե՞մ: Ձեր սիրտն այլ է, իսկ մենք փոքր թե մեծ ավելին ենք, գիտե՞ս ինչու, քանի որ աշխարհում ձեր նմանների ապրելը մեր շնորքն է, դուք մեզնից եք:
Այս պատմությունը սկսվեց, երբ հույսը մեռավ առաջինը: Այն ամենն ինչ ունես այսօր ստեղծվել են քո մտքերից ու հավատներից անցյալում: Ինչպե՞ս կարող ես երջանիկ լինել այսօր, երբ ընտրում ես դժբախտ ու դաժան մտքերը, պահում ես անցյալը հոգում ու դառնում անտարբեր: Մեր խոսքերը չեն ստեղծում երջանիկ միջավայր այսօր, մենք ասում ենք ով ենք, ով լինելու փոխարեն: Առավոտյան լույսով չեն գալիս մտքեր ես ուժեղ եմ, ես երջանիկ եմ, ես կարող եմ, ես տաղանդավոր եմ: Ժամանակը չէ՞ արթնանալ ու ստեղծել կյանք, որ լիարժեք ուրախություն կբերի: Դու կարող ես ընտրել ինչպես լինել, ով լինել, ինչքան լինել: Դու միշտ ընտրում ես այն ինչ արժանի է քեզ: Քանի որ մենք բավական չենք,ոչինչ երբեք բավական չէ ու մենք երբեք չենք ապրի այն ինչին արժանի ենք, քանի որ դա բավական չէ:

Ու՞ր ես

dbdd8f6eeb0d1426b0451cbcd823e432.jpg
Ու՞ր ես: Երբ նայում ես պարող զույգերին ինձ հիշու՞մ ես, թե փնտրում ես սեղանների մոտ անհագուրդ հայացքով տղամարդ որսացով մեկին՝ լի կոմպլեքսներով ու բարձր կոշիկներով: Հի՞շում ես ինձ, ցավ զգու՞մ ես, երբ նրա ձեռքը բռնած պարի ես տանում բույրս հիշու՞մ ես: Երբ ձեր մարմինները կպչում են իրար ի՞նչ ես պատկերացնում, ցա՞վ, սե՞ր, նրա՞ն, ի՞նձ: Ի՞նչ ես, ի՞նչ ես անում: Ինչու՞ եմ թույլ տալիս մի բան, որն ինձ ոտնատակ է տալիս, ինչու՞ չեմ դադարում: Սիրտս սրտանց ցավում է: Մի տեսակ թուլացել եմ ու երևակայությունս շատ է խանգարում: Քո ժամանակը թռչում է, դու թռչուն ես: Իսկ իմը՝ կանգնեց:
Ես խառնվում եմ, ես լուծվում եմ իմ մեջ, ես մի տեսակ տագնապի մեջ եմ, երբ քեզնից պատասխաններ չեմ ստանում: Ես մի տեսակ եմ, բայց խոստանում եմ դադարել լինել այն ինչ եղել եմ, ես այնքան էլ լավը չեմ, ես ստոր եմ, կեղծ՝ փաթաթված իմ երազանքներին ու արդեն վաղուց է նորմալ չեմ, ես անդադար տագնապի մեջ եմ, երևի չգիտեմ ինչ եմ անում, ավելի ճիշտ ինչու:

Երբ սիրում են մի՞շտ են վախենում

62cd97096b3c822c2102dcbc8f06bfa9.jpg
Երբ սիրում են մի՞շտ են վախենում:
Ես վախենում եմ միշտ, երևի ոչ այն պատճառով, որ մի օր կորոշես գնալ: Ես վախենում եմ, որ չցանկանամ ապրել: Քանի որ դու այսօր դառնում ես այն ինչ երևում է աչքերիս ավելի հաճախ, քան այն ինչ տեսնում եմ: Դու դառնում ես իրականություն, և ի՞նչ կլինի եթե դու չլինես իմ իրականության մեջ, ես չեմ սիրում ապրել երևակայությամբ, ես այնքան եմ ցավել այդ պատճառներով: Ես շատ բաներ եմ տեսնում քո աչքերում ու վախենում եմ, որ երբեմն չգիտեմ ինչ: Քեզ հասկանալը բարդ չէ, դու ես բարդացնում, քանի որ չես ուզում իմանան ինչ կա ներսումդ: Դու դեռ կարծում ես, որ քեզ ճանաչելով մարդիկ կցավեցնեն, ու դու ճիշտ ես: Ես չեմ կարողանում չվախենալ, կներես, շատ բաներ եմ ուզում ասել, ու շատ լավ գիտեմ, որ երբեմն կարիք չկա, գիտե՞ս ինչու: Ես գիտեմ, որ պարզ եմ ու մաքուր, իմ դեմքից ամեն ինչ երևում է, ես քո հետ ազնիվ եմ, ու դրանից բխող էլ ոչինչ ասել պետք չէ: Գիտե՞ս, այսօր սիրտս ցավաց ավելին քան երբևէ, դու գիտես ինչու, և ես հանգիստ եմ: Ես պիտի սպասեմ, որ խոսենք, ես պիտի համբերեմ: Համբերելը համ կբերի կյանքիս: Դրա նկատմամբ նախասիրությունս քաղցրն է, և ի՞նչ եթե դառը համտեսեմ, ինչևէ ամեն ինչ համ ունի: Մենք սիրում ենք սովորել այն ամենին ինչ ունենք կամ ստանում ենք, քանի որ դրա դիմաց պայքարելը միայն խիզախների համար է: Ես քեզնով մրսել եմ, մի տեսակ հիվանդ եմ ու սիրտս ցավում է, այնքան շատ, որ օդը կուլ չի գնում: Ես ուզում եմ դու լինես միշտ, մի վախեցի՛ր, իմ ու քո նմանների համար միշտը հավերժությունը չէ, մենք հավերժ չենք: Իսկ ի՞նչ եթե դու ասես այն ինչին ես սպասում եմ, չնայած դժվար: Բայց ես կսպասեմ, քանի որ միշտ սպասում եմ այն ամենին ինչին ուզում եմ: Եվ ես քեզ սպասել ուզում եմ:
Ես պիտի գնամ, ինձ սպասում են: Ես գնալ եմ ուզում, սրտիս մեջ շատ ես, մի տեսակ խեղդվում եմ, ես լավ չեմ ու մի հարցրու ոնց լինելս: Ես մի բան տեսա, ինձ դուր չի գալիս, դու խնամքով ես գնում, ես անխնամ եմ բուժվում, մեջիս վերքերը համարյա չեն լավանում: Ես չեմ վախենում, որ չես լինի, ես վախենում եմ ինչպիսին կլինեմ եթե չլինես: Ես էգո ունեմ, ես թույլ չեմ, բայց մեջս շատ ես: Գնալով տարածվում ես, իսկ ես անդադար սխալվում եմ ու սպասում: Ես ոչ ոքի չեմ սպասել, ինչու՞ եմ այսօր նստում ու նայում անհայտությանը: Իսկ ի՞նչ եթե դու ասես մի բան, որ ինձ կատարյալ երջանկության կբերի, ինչ եթե ես դա էի փնտրում, ինչ եթե չասես, ինչ եթե դա չեմ փնտրում: Ո՞վ եմ, կործանվու՞մ եմ, թե՞ ամեն ինչ լավ է: Ամեն ինչ լավ լինու՞մ է, ագռավների ձայներ եմ լսում, ես դրանցից սարսափում եմ: Իմ կյանքը, ես, դու ի՞նչ անեմ: Ի՞նչ եմ անում:

ես դա չեմ ներում

19576631_1552184951492673_2025319226_o
Գիտե՞ս լսել եմ, որ ամեն ինչ արագ չի լինում, բայց ես անհամբեր եմ: Մի ժամանակ կար, որ հոգումս շատ էի չասվածը ներարկում ու քանդում այն ինչ անգամ գոյություն չուներ: Հիմա փոխվել եմ, գուցե դեպի սխալը, բայց կառավարել չասածս չեմ կարողանում, քանի որ սիրտս նման ծանրությունների իրոք չի դիմանում: Ես վաղուց եմ որոշել խնամել ինձ, ու գիտեմ որ դու ևս: Ես ուզում եմ բացառիկ ազնիվ ապրել, այնքան անկեղծ, որ գուցե ցենզուռան ամոթ զգա: Ես ուզում եմ ասել ամեն ինչ, այն ինչ կտանջի ու կուրախացնի ինձ, ես ուզում եմ վերջապես վայելել այն ինչ գուցե և չկա, ես չեմ անհանգստանում: Ես խնդիրներ չունեմ, ես նորմալ չեմ, բոլոր նորմալներն են լցվում խնդիրներով: Ուզում եմ ասել, որ ժամանակի հետ հասկանում եմ, որ միասին բարձրանալու սարեր ունենք, գուցե մոլորվենք, գուցե չէ: Համենայն դեպս ես խույս կտամ իմ մեջ ապրվող բոլոր գայլերից: Դու ինձ համար նշանակություն ունես, գուցե այնքան, որ ես անհանգիստ եմ այն մտքից, որ կկորցնեմ քեզ: Բայց ես չեմ կորցնի քանի չուզեմ: Իսկ դու միշտ ազատ կլինես, գիտե՞ս ինչու, որովհետև ես սիրում եմ քեզ ոչ աղջկական մանկական ու պարզ սիրով: Իմացի՛ր, միակ բանը որ կքանդի մեզ կլինի սուտը: Ես բարձր եմ, բավական աճած նման մանր-մունր խաղերի համար, ինձ ունենալը իմ տեսանկյունից բավական բարդ երբեմն անտանելի, բայց հպարտալից հաճելի պիտի լինի: Ես կամ թե չէ միևնույն լինել չի կարող, ամեն ինչ փոխադարձ է, սիրելիս: Միշտ այդպես կլինի, ես քեզ վստահել եմ ինձ, իսկ դու գիտե՞ս դրա բարդությունն ինձ համար: Ես խոսել կուզեմ, բայց կզսպեմ ինձ մի քիչ: Դու ազատ ես ընտրություններիդ մեջ, ես ազատ եմ ցանկություններիս մեջ: Ես սպառվել չեմ սիրում, ես չեմ կարողանա ապրել առանց մտքերի: Ես նման եմ, ինձ միշտ սիրուն խոսքեր պետք չեն, լավ է մի պահ անկեղծ գրկես ու հեռանաս քան հավերժ թաթախես ականջներս սիրունություններով, չնայած դրանք անհրաժեշտ են, բայց արի հեռու մնանք կարմիր վարդերից, լա՞վ: Դու այն չես ինչ փնտրել եմ դու այն ես ինչ գտա: Եվ ես սիրում եմ ունենալ քեզ, ես անգամ խանդոտ եմ, ես ուզում իմանաս ինձ ամբողջովին, անգամ որ թեյել չեմ սիրում, միշտ անկեղծ հայացքով նայում եմ մարդկանց ու չեմ մտածում, որ երևում է նողկանքս, սուրճը սիրում եմ թունդ ու քաղցր, երեկոյան ժամերին տխրում եմ պարզապես, սիրում եմ գինի խմել ու շատ խոսել, սիրում եմ երբ մեջքս գրկում են, ձեռքերով բռնում դեմքս ու նայում աչքերիս, երբ մազերիս հետ են խաղում են կտրվում եմ, երբ հարցիդ արագ եմ պատասխանում ու ուրախ ձայնով ուրեմն նեղվում եմ: Սիրում եմ մենակ մնալ, բայց երբ տարածքում ես նախընտրում եմ ներկայությունդ, ես ատում եմ երբ ինձ քամահրում են, ես ինքնագնահատվում եմ: Եթե անգամ կլինի պահ երբ վերաբերմունքդ իմ նկատմամբ տարօրինակ կդառնա կանտեսես, ինձ երբեք չցածրացնես մյուսների առաջ, ես դա երբեք չեմ ներում, դու ու ես ենք, մեր միջև ուրիշ անձինք մտնել չեն կարող: Եթե անգամ ցանկանաս կիսվել, ատել, սիրել կամ խփել ինձ, երբեք չցածրացնես օտարների առաջ: Երբեք չանես մի բան, որ ինձ ծնկի կբերի, ես դա չեմ ներում:

Կին, որ ցանկացա լինել


Այսօր
մահացավ մայրս, չգիտեմ: Ես երևի առարկա եմ:
IMG_4806

Գերմանական նորաձևության 1930 թվականի ամսագրի շապիկին մորս նկարն էր:
Կինը չի նայում տեսախցիկին, խաղային ժպիտը դեմքին հուշում է, որ գիտի ուր որ է պիտի նկարվի՝ երկար ու անխնամ մազեր, ճերմակ հագուստ, իսկական էլեգատություն: Ահա այն գեղեցկությունը, որ միշտ ցանկացա ունենալ:
Այս պատմությունը լսեցի,երբ վեց տարեկան էի մի աղջկա մասին, ով ապրեց, երբ պիտի մեռներ:
Չկա ուտեիք, չկա ջուր, չկա օդ: Չորս օր է բեռնատարը նրանց տանում է ճամբար: Ավագ կանանցից մեկն, ով հազիվ էր հասկանում գերմաներեն մտերմացավ մորս հետ՝ տալով գոյատևման մի կտոր հացը: Մայրս որոշեց երբեք չլքել նրան հատկապես, երբ ճամբար հասնեն ու բաժանվեն խմբերի:
Վերջապես հասան: Գերմանական նացիստական ու մահաբեր ճամբարը ողջունում է բոլոր նորեկներին: Բեռնատարները կանգնեցին: Կանանց հրամայվեց շարվել մի գծով. նրանք, ովքեր երեխաներ ունեյին անմիջապես առանձնացվեցին ավագների խումբ: Մայրս կանգնել էր ընկերոջ կողքին այնքան ժամանակ, քանի դեռ նրանց միջև կանգնեցվեց մի երիտասարդ: Նրանք հաջորդաբար միանում էին ավագների խմբին:
Երբ մորս ընկերը քայլեց հնչեց հրաման < դու նախավերջինն ես>: Մայրս սառեց, բայց չկորցրեց իրեն՝ անցնելով իրենից առաջ կանգնածին սարսափով հետևեց կնոջը որպես վերջինը՝ հուսալով որ զինվորը կլռի: Բախտը ժպտաց նա չկանգնեցրեց մորս, թեպետ գնդապետը ուշի ուշով հետևում էր դրան՝ տեսնելով իր զինվորի բարեսրտությունը նա, որ մինչ այդ չէր միջամտել գիշատիչի հայացքով քայլեց ուղիղ մորս կողմը, հրամայեց բաժանվել իր ընկերոջից ու հրեց նրան, որտեղից գալիս էր:
Մայրս միշտ ասում էր, որ երբեք չի զգացել այդչափ մեծ ատելություն ու ցավ, որքան այդ պահին այդ էակի նկատմամբ: Գնդապետը սատանայի պես մարդ էր, հասցրել էր սպանել հազարավոր գերիների՝ չխղճալով անգամ փոքրերին ինչու պետք է խնայեր մորս: Ավագ կանանց խումբը, ուր մայրս պիտի լիներ վերջին անդամը, ավելի ճիշտ ցանկանում էր լինել տարվեց գնդակահարության: Իսկ այն խումբը, ուր մայրս վերադարձավ՝ փրկվեց: Երբեմն հավատացեք, որ սատանան էլ է մարդ փրկում:
Մայրս ավելացրեց < դու երբեք չես հասկանա՝ ինչպես է կյանքիդ ամենավատը փոխվում ամենալավի>: Ես չհավատացի
Այսօր մահացավ մայրս կամ գուցե երեկ էր, չգիտեմ: Ես նայում եմ նրա նկարին ու չեմ հասկանում ինչպես կարող է կյանքիս ամենավատը փոխվել ամենալավի: Ես հավատացի
Այսօր հիշում եմ ինչպիսի երեխա էի, ինչպիսի կին դարձա: Կին, որ ցանկացա լինել:

Այս պատմությունը պատմեցի, երբ արդեն երեսուն տարեկան էի, երբ որոշեցի ուժեղ լինել: