Խառնվելու մեծ տաղանդ ունեմ

41336418_348481802555826_3140979608711593984_n

Խառնվելու մեծ տաղանդ ունեմ. այն միշտ ավելի ուժեղ է քան այն մատերիալ տաղանդը, որը ես արհեստ եմ համարում, հոգևոր մակարդակով՝ արվեստ: Ամեն ինչ քանդելը հեշտ է միշտ ու ես կարողանում էի՝ հավերժ անինքնավստահ մնալով իմ մտքերի ու ցանկությունների առաջ: Ես սկսել էի խոսել, դա իմ ժամանակի մեջ բավականին բարդ էր, իսկ հիմա հասկանում եմ,որ երբեք տեղ չէի տալիս իմ ցանկություններին՝ ինձ չդիտարկելով որպես մարդ, որ այս կամ այն կուզի: Ես հարմարվող եմ, ես միշտ հարմարվում եմ այն մարդկանց ում սիրում եմ՝ հավերժ արհամարհելով թե ինչ եմ զգում ու ցանկանում: Ինձ համար այդ արհամարհանքը բխում է նրանց հարմարավետություն տալուց, իսկ ես անտեսում եմ ինձ, կուլ եմ տալիս՝ չասելով, օրինակ, թե գիտե՞ս, հիմա քայլել եմ ուզում, ես սպասում եմ թե երբ ինձ համար ամենաթանկը կուզի: Ես այնքան փոքրացած եմ իմ ցանկությունների մեջ, որ անգամ չգիտեմ ինչ եմ ուզում ուտել: Գիտեմ, որ ինձ համար դա ամենաքայքայող նյութերից դարձավ: Ես այդպես էլ չկարողացա ասել, թե ինչ եմ ցանկանում: Իսկ ամենատհաճն այն է, որ այս փոքր գլուխը սկսկում էր մեղադրել և՛ ինձ, և՛ նրանց: Ես ինչի՞ կարիք ունեմ, չգիտեմ: Ես չեմ զգում արդյո՞ք պետք է նոր գործ սկսել, մի շապիկ ավել հագնել, դրսում անմոռաց նստել, թե ուղղակի ապրել: Իմ ցանկությունների անհստակ լինելուց ես կոտրվում էի, իսկ քանդվում էի հավերժ սպասելուց: Ժամանակը չեմ սիրում, քանի դեռ պատկերացնում եմ, որ մինչ ես նստած եմ իմ կիսաքանդ աթոռին մեկը կազմում ու ավարտում էի իր գործերից գրեթե լավագույնը: Մի քիչ անցավ ու ես վերջապես գտա ինչից են քանդվում իմ նմանները, մենք երևի չենք հավատում մեզ՝ հավերժ ծեծելով դռներ, որտեղից մեզ ձայն են տալիս: Գիտե՞ք ինչի է նման: Երկու փակ դուռ կա, մեկից անունդ ես լսում, որ կանչում է քեզ, մյուսում լույսն է վառ ու լռություն է, իսկ ներսում սիրելիդ, քո սրտի դարավոր սիրելին, որի ձայնն ու կանչը հավերժ սպասելի է, բայց չէ՞ որ նա չգիտի քեզ ու քո ցանկությունները, իսկ դու չես հավատում, որ նա սպասում է, թե երբ քո նմանը դուռը բաց կանի, իսկ դու ընտրում ես դռներ, որտեղից ձայնդ է լսվում ու որտեղ սպասված ես: Պոռթկում եմ, երբ ասելիքներս կուտակվել են, չգիտեմ, ինչ ասել, երբ փորձում եմ հասկանում եմ, որ դրանք էլ այն չէին: Ես դեռ փնտրում եմ: Ժամանակից եմ կառչում, թվում է թե ստոր եմ: Ես այսօր զղջում եմ այն ամենի համար ինչ չարեցի, ես կեղտոտ մտքերով քանդում էի այն ինչ կառուցել եմ: Չէի սպասում, արհամարհում էի, ազդվում, խառնվում, տանջվում, կուլ տալիս ինձ, անպատասխան թողնում ամեն ինչ, անհավատ մնում, հրում էի ինձնից բոլոր լույսերը, որ իմ մթության մեջ էին վառվում: Դադարելու ժամանակը եկավ, այլևս չեմ կարողանում խառնված ու կորսված ապրել:

Leave a comment