կծիկ եմ դառնում

f764aa2bdc6ea99c68645bb13b8fe81a
Ես կամաց-կամաց խելագարվում էի, սկսել էի բարձրաձայն հետդ խոսել, երբ ներկա չես, հարցեր էի տալիս, պատկերացնում ինչ կասես, երբ գալիս էիր իրավիճակը թեքում էի իրականության մեջ ու ստանում նույն պատասխանները ինչ ենթադրել էի: Ես այդ փաստից միայն հրճվում էի, ինձ հաճելի էր զգալ, որ գիտեմ քեզ: Տանել չեմ կարողանում, երբ մտքերով ես, երբ քնում ես ու չկաս: Մի օր ասացիր, որ դու միշտ ես քնած անգամ եթե քնած չես: Մի շարք պահեր կան, որ ես տեսնել չեմ ուզում, սրտից թույլ եմ: Մի տեսակ չեմ աշխատում այլևս ու այն ինչ ինձ հետ կատարվում է շատ եմ բարդացնում: Ասացիր, որ ծանր եմ ապրում, ճիշտ ես, ես հակառակը պնդեցի, քանի որ պարզ երևում էր, որ դա քեզ դուր չի գալիս: Ես ծանր եմ ապրում, վերջերս շատ եմ լաց լինում, թեպետ հակառակը պիտի լիներ: Ուղղակի ես սպասում եմ մի այնպիսի բանի, որը չի գալիս, ես համարյա միսս եմ ծամում ու չեմ պատմելու ու կիսելու վախերս: Ես կատարվում եմ մի քիչ տարօրինակ է, բայց չեմ հասկանում:
Ես գիտեմ ինձ, ես գիտեմ այնքանով, որ ինձ խանգարում եմ, իմ մտքերը չեն թուլանում, դրանք միշտ կան վառ ու անթափանց: Ես դատարկվում եմ չկարողանալով ասել ցանկություններս: Չէ՛, ես խորը չեմ, ես վատ դերասան եմ ու գիտեմ դրա մասին: Ես չեմ կարողանում կանչել քեզ: Ես դեռ շատ բան չեմ կարողանում, բայց այն ինչ մնում է մի զանգ ավել կամ պակասն է: Ես ու դու հեռավորության մեջ կլինենք այնքան քանի ես չեմ ասում ինչ եմ ուզում: Երևի երբեք էլ չասեմ, քանի որ ինձ համար ավելի թանկ ես քան ես:
Որոշել եմ խնայել ինձ, խնամել ինձ, պաշտպանել ինձ, շոյել ինձ, սիրել ինձ: Դու երևի չգիտես, որ սովորաբարին հարմար մեկի հետ քո կյանքը շատ ուրիշ կլիներ: Վերջերս շատ եմ ծխում, խմում: Դա թող չանհանգստացբի քեզ, քանի որ այն ինչ խառնում է ինձ միշտ ներսում կմնա, իսկ դրանք քիչ չեն: Ժամանակը պակասում է, առաջ ժամանակս դանդաղ էր գնում, ես գրեթե չէի տեսնում ինչպես են աչքերս տասներկուսն անց փակվում: Իսկ հիմա ես արթուն եմ գրեթե միշտ:
Ես քո համար ամեն ինչ ստեղծել եմ ուզում, գրեթե ամեն ինչ: Ես պատրաստ եմ, երևի վախենալ կարելի է ամեն ինչից, երևի կարելի է վախենալ, որ չեմ վախենում: Մի տեսակ այնպես հանգիստ եմ ինչպես երբեք չեմ եղել: Եվ այսքանից բացի ես մտածելու ուժ ու տեղեր չունեմ: Միակ խնդիրը մնում է այն, որ ես այլևս տուն գնալ չեմ ուզում:
Կյանքում առաջին անգամները ինձ մոտ ուշ-ուշ են գալիս, գրեթե չեն գալիս: Այս առաջին անգամ ինձ թվում է, թե բարձրանում եմ և իրոք այն ամենն ինչ կատարվում է ինձ բարձրացնում է, չգիտեմ թե ուր ու հետաքրքիր էլ չէ: Ես քո ձայնն եմ լսում միշտ, հաճախ ցույց եմ տալիս շատ բաներ ու այն ինչ ինձ նեղացնում էր այլևս չի խանգարում ու ես ինձ լավ եմ զգում ՝ չունենալով առաջվա վախերը: Ես քեզ սիրում եմ ու այն ինչ զգում եմ շատ ուժեղ է յուրաքանչյուր սինթետիկ վախից ու ցավից: Ես վստահ եմ, որ մեր միջև երբեք չի լինի այն ինչ սովորաբար լինում է նորմալների մեջ: Ես վստահ եմ, որ այն ինչ ապրում եմ այսօր ժամանակի մեջ ամենաերկարը կլինի, քանի որ դու իմ սիրտն ես, իսկ ես առանց սրտի չեմ ապրում: Ես առանց քեզ երբեք չեմ ապրելու, մի քիչ վախենում եմ, որ դու որոշես առանց ինձ ապրել, բայց դե չմտածեմ դրա մասին: Ժամանակի հետ դու ոչ թե փոքրանում ես ինչպես սովորաբար նորմալների մոտ, այլ ծավալվում ես:
Մարդուն ապրումների մեջ քցելու պատճառները միշտ պիտի լուրջ լինեն: Մարդիկ երբեմն չեն հասկանում ինչպես են օտարանում, բայց դա մեր եղելության ամենահեշտ հասկացվող վիճակներից է: Նա, ով կարևոր է միշտ պիտի լինի սրտումդ, ապրումները ծանր տրվող պահեր են ու պիտի արժանի լինեն իրականությանը, չնայած որ դրանց փրկելու են գալիս շատ հավանական թվացող արդարացումները: Վերջիններս մարդկանց հեռվացնում են, այն ինչ բացատրության կարիք է ծնում միշտ օտարացնում է: Մարդիկ խորթանում են, երբ իրար նկատմամբ արցունք են թափում: Նրան, ում սիրում ես պիտի վեր պահես, իջեցնես վեր, բարձրացնես ներքև: Ժամանակի հետ շատ բաներ մանր են թվում, բայց ամեն թվացյալ անողնաշար ապրում վերք է ծնում: Վերքերը չեն լավանում, դրանք իրենց հերթին ծնում են վախեր ու անհավատներ: Երբ մարդիկ կորցնում են իրար նկատմամբ հավատը էլ ոչինչ չի վերականգնվում:
Կարոտը ամենածանր ապրումն էր, որ երբևէ զգացել եմ: Ես շատ բաների միջով եմ անցել, գրեթե չեմ ծնկել, բայց կարոտի առաջ ես կծիկ եմ դառնում:

Leave a comment