Ես քեզ սպասել չեմ սիրում

40aadcc12ee554961f5f256d1e1a3f63.jpg
Ես քեզ սպասել չեմ սիրում, չնայած որ ես կվառեմ ներսս, որ դու տաքանաս:
Ես երևի դեռ շատ արարքների եմ պատրաստ, իսկ մի՞թե դու ևս: Չեմ կարծում և դադարում եմ սպասել: Իմ կյանքում ամեն ինչ ուշ է փոփոխվում, ես կքնեմ շուտով, այն ինչ կոչվում է առօրյա խլում է սերս, լույսս, էներգիաս: Ես կձգտեմ քեզ դեռ շատ երկար, բայց և գիտեմ, որ ես շուտ եմ թոթափվում, ես թողնում եմ այն ինչ չի ստացվում, ես հեշտ եմ հրաժարվում: Իմացի՛ր, դա այնքան բարդ է ինձ համար, իսկ դու ոչ այնքան խորը իմ աչքին: Ես դադարում եմ փորձել լինել այն ինչ չեմ: Որքան էլ հաճելի է մղել ինքս ինձ հանուն հանունի, ես այլևս չեմ կարողանում վառ պահել ներսս մի թաքուն հույսով, որ գուցե դու կմրսես: Ես մի քիչ շնորքով եմ, ես մի քիչ հոգնող եմ: Ես չեմ լալիս ու տառապում հանուն անհունների, ես կարող եմ նաև առանց քեզ մնալ, իսկ ի՞նչ եթե ամեն ինչ այդպես էլ լինի: Գիտե՞ս ես ճակատագրին չեմ հավատում, համենայն դեպս չեմ ուզում հավատալ, ինձ համար միայն գործում են լուսինն ու աստղերը: Տիեզերքը կփլվի գլխիս ու ես կիմանամ ինչ անել, ես կգտնեմ ելքը և՛ իմ, և՛ քո համար: Ես ներսս հավերժ վառ պահել չեմ կարողանա, սիրելիս, ես քեզ սպասել չեմ սիրում: Երևի ժամանակի հետ ես կընդունեմ նաև, որ քեզ չեմ սիրում:

Ես կվախենամ, որովհետև դու արժանի ես վախիս

4d8a0a7b726793cf68aab073d60d3ac1.jpg
Գիտե՞ս ես վախկոտ չեմ, բայց վախենալ սիրում եմ: Ես չեմ կարողանում ընդունել, որ կյանքում կլինի դեպք երբ իմ իշխանությունը իմ ձեռքում չի լինի: Վախս կապ ունի սրտիս հետ, գիտե՞ս ինչու, սիրելիս, ես ինձնից բացի ոչ ոք չունեմ: Ես ինձ խնամողներ չունեմ, ես ինձ պաշտպանող չունեմ, բայց և անպաշտպան չեմ: Ես էլ քո պես շատ եմ սխալվել ու հիմա վախենում եմ, որ սիրտս ինձ չի լսում, այն չի թողնում վարվել այնպես ինչպես ուղեղս կստիպեր: Իմ սահմանները փոխվում են, որովհետև դու ինձ համար սկսվում ես այնտեղ, որտեղ կյանքն է: Երազներից այն կողմ, ես սիրում եմ իրականությունը, ես սիրում եմ նկատել այն ինչ կա ու ամուր պահել: Ես երևի լավ մայր կլինեմ, փորձառությունս մեծանում է, ես մայր եմ ինքս ինձ համար: Ես հաճախ եմ լռում, դա նշանակում է շատ ասելիքներ ունեմ: Ես քեզնից վախենում եմ, որովհետև դու դառնում ես հիվանդություն, անհրաժեշտություն, կարիք, ցանկություն: Իսկ ի՞նչ եթե ես չդառնամ նույնը քո համար, երևի ես կցնդեմ, ոչ աղջկական տագնապային սիրուց, ես ուղղակի կկորցնեմ իմ նկատմամբ ղեկավարությունը, ես ինձ մեկ կդառնամ, քանի որ ես սկսում եմ սկսվել այնտեղ, որտեղ դու ես: Միակ միտքը որ դու չես լինի ինձ անդունդն է տանում, իսկ մի՞թե դու կաս, չէ, սիրելիս, ցավագին է բայց դու չկաս: Ես ամեն ինչ հորինել եմ: Անդարդ համբերելով, որ այն ինչ այսօր չի սպանում ինձ կապրեցնի վաղը և ես չեմ կարող դադարել վախենալ, որ այն ինչ ապրեցնում է այսօր չի սպանի վաղը: Եվ ի՞նչ եթե ես մեռնեմ քո բացակայից, և ի՞նչ եթե դու լինես: Անորոշությունս խեղդում է, բայց երևի ռիսկի ժամանակն է, ես վաղուց է ինչ չեմ քայլել դեպի կյանքը: Ես դառնում եմ միևնույն ինձ համար՝ ես կապրեմ վախս, եթե անգամ դու չլինես: Ես քեզ կսիրեմ, եթե անգամ դու չլինես այն ինչին սերս է կպել: Ես կվախենամ քեզնից միշտ, քո հայացքից, քո մտքերից: Ես կվախենամ, որովհետև դու արժանի ես վախիս:

ժամանակին գլուխս բարձին մեծ ցավով կդնեմ

4c3b1feb7d9981e159a531c6ef245d21
Մարդկանց հետաքրքրությունը նյութականացվում է միշտ, պետք են վերջնաժամկետներ, ստանդարտներ, հարմարություններ, միջոցներ: ՈՒ դա երևի մեր ժամանակի նորման է: Իսկ ի՞նչ կլինի, եթե ընդունենք, որ ոչնչի կարիք չունենք, որ մի քիչ հանգստանանք, չպայքարենք մեր դեմ, չապրենք հանուն հանունի: Մենք շատ արագ կկործանվենք: Իսկ ի՞նչ, եթե կործանվենք: Մեր սրտին միշտ պատասխաններ են պետք գալու, և դա մեր ապագայի համար է, մենք այսօր անկարող ենք ապրել առանց դրա: Ի՞նչ, եթե ոչ ոք չկարոտի քեզ, ի՞նչ եթե դու չկարոտես ոչ ոքի: Ի՞նչ եթե ընդունես, որ եթե չլինես դու կլինի ուրիշը:
Ես շարունակում եմ մտածել, որ ապրում եմ հանուն հանունի, ապրում եմ պարզապես անհրաժեշտության և ոչ ինձ համար: Եվ դա իմ լավագույն կողմը չէ:
Ես պարզապես հավատում եմ, որ կգտնվի մի օր մի այնպիսի բան, որ ինձ կշարժի տեղից, կստիպի ապրել հանուն ինձ, կսպիտի ուղղակի ապրել: Մի օր կգա և ես կհասկանամ, որ իմ ներկայությունը թանկություն է գոնե ոմանց համար, ես ավելին ակնկալել չեմ ուզում, ինձ հետաքրքիր չեն իմ ստանդարտներն ու բարձունքները: Եկավ այդ օրը, երբ ես տեսա որ իմ հողի մեջ ուժ կա, որ ջուրը ինձ համար մեծ թանկություն է, որ այն ինչ ունեմ պարզապես լավ է, ու պարզության մեջ մեծ երջանության գտա: Ներսս մի տեսակ խախաղություն կգտնի, երբ ես դադարեմ պահանջներ դնել իմ առաջ, հուսով եմ միայն խոսքեր չեն մնա ու ես վերջապես կանեմ այն ինչ ուզում եմ: Ես վերջապես կապրեմ այն ինչ ուզում եմ: Ես հավատում եմ, որ հարստության մեջ միայն իմ նկատմամբ սահմանած չափանիշներ եմ տեսնում, որ դրանք ինձ կործանում են: Ես անարդար եմ իմ հանդեպ, ես պարզապես դեռ շատ բան չեմ հասկանում: Եվ հուսով եմ, որ դա կհասկանամ ավելի շուտ քան կկործանեմ կյանքս:
Ինչ եմ զգում չգիտեմ, մի տեսակ կենցաղային եմ դառնում, ու դա ինձ հունից հանում է, իմ նպատակներն ինձնից շատ բարձր են, ես թաթս միշտ շատ առաջ եմ մեկնում և եթե անգամ դա իմ մեծագույն սխալն է ինձ միևնույն է: Ես շտապում եմ, ինձ միշտ հետապնդում է մի վախ, թե չեմ հասցնի, ժամանակի նկատմամբ իմ զարհուրելի վերաբերմունքը կոկորդիս է կանգնում, ես պետք է միշտ շարժունակ լինեմ, եթե անգամ անելիքներս զրոյացել են: Ես պարզապես չեմ ընդունում, որ կարող է լինել մի իրողություն, երբ ես չեմ ղեկավարի իմ կյանքը՝ կախված լինելով ուրիշներից, իսկ ես գիտեմ, որ նման օրեր գոյություն ունեն ու գուցե ինձ սպասվում են: Բայց դե ինձ իմ սպասելիքներից բացի դեռ այնքան բան է սպասվում ՝ թուլություն, ցավ, նախանձ, ստորություն: Այնպիսի բաներ ինչից միշտ զերծ էի մնում, ստիպելով ինձ հաղթահարել ինքս ինձ ՝ պարզապես համարելով, որ այդ հատկանիշները ինձ հարմար չեն: Գլուխս բարձին հանգիստ չեմ դնում ու դա երևի վատագույն զգացումներից է, գլուխս առհասարակ բարձին չեմ դնում ու դա երևի վատագույն շրջաններից է, ու ես շտապում եմ անցնել այս ամենի միջով, քանի որ գիտեմ որ կգա մի օր երբ ուզած-չուզած գլուխս կդնեմ բարձին ու այլևս ոչինչ գոյություն չի ունենա իմ շուրջ, ես պարզապես այլևս կդարարեմ ու իմ չլինելը կլինի իմ տեսանկյունից վատագույնը, եթե ես հիմա չկարողանամ շատ բան հասկանալ, ժամանակին գլուխս բարձին մեծ ցավով կդնեմ:

իմ տասը տարվա մտերիմ

2018-05-13 06.45.50 1.jpgԴու սերն այլ կերպ հասկացար, ինձ դա չէր խանգարում շարունակել լինել այնպիսին ինչպիսին կամ: Սերը հարաբերություն չէ, սերը պատասխանատվություն չէ, սերը մի քիչ ուրիշ է, երբ ոչ մի բացատրություն չկա: Մի հեռու ու վառ աշխարհ, որտեղ դու դառնում ես համառ: Առաջ ես ուրիշ էի, դիմադրելն ու սպասելը ինձ հեշտ էին տրվում, իսկ հիմա ես պատասխաններով եմ ապրում, ամեն ինչ ինչ որ կարգավիճակ պիտի ունենա կապ չունի դա սրտո՞վդ է, թե՞ չէ, դա այն է ինչ ուզու՞մ ես, թե՞ չէ: Դու այդպես էլ չես իմացել, որ սիրտդ կիսելը այդքան հաճելի է, դու չես ընդունել, որ սերը բաց թողնել չի կարելի, որ դրա համար ժամանակ պետք չէ, քանի որ ամեն ինչ կարճանում է, երբ բաց ես թողնում: Իսկ կուզե՞իր բաց թողնել միլիոն աշխատելու շանսեր, ինչպես միջին կատեգորիկ մարդ՝ դժվար: Իսկ ինչո՞ւ չենք նայում զգացումներին այնպես ինչպես փողին, որպես շատ մեծ կարիք՝ կենսական, գրեթե՝ ամենօրյա: Մենք այնքան բաներ ենք կործանում չհասկանալով, որ և՛ փողերը և՛ սերերը ստեղծվում են մեր ցանկությամբ: Դու մի քիչ խելքի պակաս ես զգում, դու հասկանում ես, որ ձեռնունայնությանդ բացատրությունը ակնհայտ դրված է ափիդ մեջ: Սիրուց առավել գնահատում եմ կարոտը, անզոր կարոտը, երբ ոչինչ փոխել չես կարող, սկսում ես տանջվել՝ ինչու՞ ժամանակի մեջ այդքան խելք չէի հավաքել: Ո՞ր գիշերից են երազներդ ու հույսերդ, կարոտներդ կհասցնեն դառը դատարկության ու դու կզգաս քեզ նվաստ, քեզ ոչինչ չի ենթարկվի, ո՞ր մոլորակն է պաշտպանելու քեզ, ո՞ր քամին է քշելու ճիշտ ափեր: Սերը փրկում է միշտ, քանի որ միակ զգացումն է, որ բացատրություն չունի, սերը սիրեցյալիդ մոմապատ քաղցրավենիքը չէ, որ հենց գիշերակացին գալիս է ծնունդդ շնորհավորելու, սերը միասին անցկացրած մի ճաշ ավելը չէ, մի կինո նայելը չէ, իրար տրվեը չէ, սերը այն է ինչի մասին ոչ ոք ոչինչ չգիտի, իսկ մենք այսօր կարող ենք որոշակի հստակությամբ բացատրել դատարկությունը, սպասումը, կարիքը, կարոտը: Կյանքում այն ինչ սեր չէ բացատրություն ունի:
Իմ կյանքում ողբերգական ոչինչ չի կատարվել ու դա երևի զարմանալի չէ: Պարզապես այն ինչ ապրեցի մի տեսակ կատարվելիք էր, ինձ հետ իրոք շատ բան կատարվեց: Երբ դեռ դպրոցական էի ամեն ինչ նույն ստաբիլությամբ էր գնում, միշտ ձեռքիս ու նպատակիս տակ նշված դիտակետերով, ես միշտ մեծ պահանջներ ունեի, ինձ չէր կարելի լինել այն ինչ կատարյալ չէ, և դա գրեթե իմ ընտրությունն էր: Իսկ այդ ժամանակի մեջ կատարելությունը շատ պարզունակ բովանդակություն ուներ: Ես տիրապետում էի դրան, բայց կային դեպքեր ու տեղեր, երբ ես ինձ կորցնում էի, դառնում էի սատանայորեն վայրի ու դա սարսափելի էր հոգուս համար: Իմ կյանքում շատ մարդիկ ներս ու դուրս չեն արել, ես այդքան մեծ ջերմությամբ չեմ ընդունում մարդկանց, որքան թվում է: Բայց դե կյանքում հայտվում են անկառավարելիներն ու չընտրվածները, որոնք քեզ դասեր են պատրաստում: Ահա և իմ միջին որակի կյանքում կատարվեց այսպես, իմ ընկերներից մեկն, ով մտերմիկն էր համարվում լցնում էր կյանքս ուրախությամբ, զվարճանքով: Մենք իրար նման էինք, չնայած իմ հետաքրքրությունները միշտ այլ են եղել, իմ տեսանկյունից՝ ավելի բարձր: Ես դեռևս այդ տարիքից սիրում էի ստեղծել: Իմ ստեղծարարությունը սկսվեց շատ տարօրինակ ձևով, ես ստեղծում էի իրավիճակներ, հետո միայն հասկացա, որ այն ինչ ստեղծում էի վզիս էր փաթաթվում, ես միշտ կանխատեսում էի ինչ կլինի ու քիչ էի սխալվում, ես միշտ հետևում էի երևակայությանս ու ապրում այլ աշխարհում՝ շրջապատված ստերով ու ասեղներով:
Ես հաճախ սիրահարվողներից չէի, ինձ համար միշտ բարդ էր շարժել սիրտս, մինչդեռ իմ շուրջ սովորականի պես աղջիկներն արդեն յոթերորդ վարդին ու երրորդ համբույրին էին հասել: Ամենքը բավարարված էր երևում, իսկ ես հոգնում էի անդադար տարբեր լինելուց ու ստիպում էի ինձ լինել այն ինչ հիմք է ստեղծում ապրել այնպիսի կյանք ինչպիսին նրանցն էր: Իմ կյանքում ապրող այդ մտերիմներից մեկի հետ ես անց եմ կացրել տասը տարիներս, մեծ սխալներ ու կորուստներ կուլ տալով: Երբ մեր ճանապարհները բաժանվեցին ես երջանկացա, ինձ վերջապես ազատ զգացի, օդը այլ կերպ լցվեց թոքերս, մի տեսակ այլ էի ՝ ազատված այն կերպարից, որը տասը տարի իմ կյանքում էր: Ի դեպ ես մարդկանցից բավական շուտ էի հիասթափվում և դա հաճելի էր: Նա իմ կյանքում գրեթե չկա, ու այն ինչ կատարվեց ինձ հետ պարզեց մի նոր բան, որ կյանքս կրկնվում է:
Ավելի պարզ ասած, ես վարդերից ու մանուշակներից հետ չմնալու համար անկանգ սիրահարվում էի, որպեսզի մղեմ հոգուս հետևել ինձ՝ լինել գեղեցիկ, խնամված: Ես չէի հասկանում, որ այդ ջանքերս շատ արհեստական էին, ինձ պարզապես պետք էր զգալ այն ինչ ուրիշները: Դեռ մանկուց ինձ չէին սիրում, այսինքն շատերն էին հրապուրվում, բայց երբեք խոսքը ականջիս չէր հասնում, ես երևի միշտ տարօրինակ ու անհասանելի էի երևում, հիմա էլ ոչինչ չի փոխվել, մի բան էլ առավել ես անհաս հասուն եմ: Ումով տարվում էի ու սկսում էի իմ ինքնաբավարարվածության ու խնամքի շրջանով անցնել մի ամիս չանցած ծաղիկներով հայտնվում էր աչքիս առաջ ու քայլում դեպի իմ կյանքի տասը տարվա ամենամտերիմը: Դա ինձ սպիացնում էր, քանի որ ըստ վիճակագրության դա տեղի էր ունենում բոլոր նրանց հետ ում աչքս էր կպնում: Սիրտս չարանում էր, ես այդ տարիքում առաջին անգամ նախանձ զգացի: Տարիներս գլորելուց ու շատ բաներ հասկանալուց հետո, ես թեթևացա ու տասը տարիների մտերիմի էներգիան այլևս չէր կլանում ինձ, ես այլևս չէի մեղադրում նրան իմ կյանքում անդադար մնալու համար: Կյանքը բաժանեց մեզ, չնայած դեռ երբեմն տեսնվում ենք: Երբեմնի հանդիպումներից մեկի ժամանակ նա էլի լավ չէիր, ես սկսում էի սփոփել, քանի որ այդպես է ընդունված: Սիրտս վերջին անգամ կանգ առավ, երբ տասը տարիներ մեր բաժանումից հետո ոչինչ չփոխվեց, ես մտերիմիս բացակայությամբ շարունակ հրապրուվում էի, բայց այն ինչ կատարվեց մեր վերջին հանդիպմանը հավերժ կանգնեցրեց սիրտս: Այդ ընթացքում, երբ դու քո սովորական նազերով խոսք էիր ասում, ես օդը կոկորդումս նայում էի թե ինչպես է կյանքս անցնում ու կրկնվում: Մեր վերջին հանդիպումից հետո ես որոշեցի այլևս երբեք չվերադառնալ ետ ՝ թողնելով քեզ իմ տասը տարվա մտերիմ, ես այլևս այդ տեսարանը տանել չեմ ուզում: Ես նման կրկնության պատրաստ չեմ:

Որքան որ հիշում եմ ինձ

IMG_4806
Որքան որ հիշում եմ ինձ, ողջ կյանքում այսպիսին եմ եղել:
Երբեմն կանգ եմ առնում ու ինչ-որ բան գոռում ՝խղճալի ու վախվորած, սկզբում ամաչելով,իսկ հետո, երբ այլևս ուժ չունեմ ամաչելու և վախս թաքցնելու, գոռում եմ ողջ ուժով ես անտառի խորքերից կանչում եմ ինչ-որ մեկին, ում սիրում եմ, ով առավոտյան գնացել է անտառ ու մինչ այժմ դուրս չի եկել անտառից: Իմ կյանքի այդ առավոտը շատ երկար տևեց ու կտևի:
Հանկարծ, ինչպես հաճախ է ինձ հետ լինում, երբ ես մենակ չեմ, ու իշխում է չսպառվող լռություն, իմ աչքին բացարձակապես պարզորորշ երևաց թե ինչպես է հոգիս նետվում խելագարված իմ վրա:
Երկար ժամանակ հայելու մեջ անիմաստ զննում էի ինձ ու ահա ես զարմանքից էլի նստեցի աթոռի եզրին ու արդեն հասկացա, որ կրկին խոսում եմ ինձ հետ: Նախկինում նման բան լինում էր մանուկ հասակում: Բայց եթե երեխա ժամանակ ինքս ինձ հետ խոսում էի, որ ինձ համար շրջապատ ու զրուցակիցներ հորինեմ, ապա այժմ այստեղ ամենից առավել ցանկանում էի նայել չորս կողմս ու ամենից քիչ ցանկացած ինչ-որ բանի մասնակիցը դառնալ այստեղ ես ոչ մի կերպ չէի կարողանում բացատրել այս տարօրինակ երևույքը: Ես ինձ չզսպեցի ու ծիծաղեցի, իսկ հետո, կարծես տղայական չարաճճիության ավելցուկից, նույնիսկ բռնուցքով հարվածեցի ճակատիս և այն էլ այնպես, որ քիչ էր մնում ընկնեի գետնին:
Օդը հանկարծ դառնում է ծակող, շնչառությունս ցավ է պատճառում, իմ մեջ վախից կարծես ամեն ինչ պոկվում է ու ընկնում, ընկնում:
Ես ավելի ու ավելի շատ եմ զգում մարմնիս ծանրությունը:
Ես չէի դադարում մտածել, որ վախենում եմ նրա հետ անկեղծ լինելուց: Այժմ ավելի պարզորորշ եմ տեսնում, որ ամաչկոտությունը, որով նույնիսկ հպարտանում էի, հավատալով, թե այն օգնում է ամեն ինչ համբերությամբ տանել, վերափոխվում է ամենասովորական վախկոտության, երբ այն դարձնում ես սիրո չափանիշը: Սերը խելահեղ է, այն քաղաքավարի է: Ես ևս, ահա, ուզում եմ նույնկերպ քաղաքավարի և անծայրածիր լինել սիրո մեջ: Եթե միայն դեռ ուշ չէ:
Ջուրը շատ երկար դուրս հոսեց, և մինչ ետ ընկած, աչքերս փակած նստած էի, թվում էր, իբր ջրի քնեցնող կարկաչի հետ ես ևս դառնում եմ ավելի ու ավելի փոքր, ի վերջո, ամբողջովին լուծվում եմ: Սկզբում գրեթե ցավ էի զգում, հետո հաճելի էր: Քունս չէր տանում, բայց և չէի ցանկանում ոչնչի մասին մտածել: Լինում էին դեպքեր, երբ կյանքը իմ մեջ արթնացնում էր պատկերացրածը վերապրելու ագահ ցանկություն: Մեկ ուրիշը դառնալու, ինքս ինձնից հրաժարվելու պահանջը հանկարծ գրեթե մարմնով զգացի՝ որպես նորություն: Ես փորձեցի պատկերացնել հնարավո՞ր է արդյոք իմ ներկայիս վիճակում դրսևորել ու կիրառել այն զգացմունքները, որոնք ինձ ուտում էին, ես շատ արագ պարզեցի, որ դրանք մեռան ինձ հետ, բավական շուտ, ավելի շուտ քան կարելի էր հաշվել: Եվ հանկարծ հասկացա, որ զգացմունքների օգնությամբ կկարողանամ գիտակցությանս միջից աստիճանաբար դուրս մղել իմ վախը, դրա հանդեպ իմ հավերժական պատրաստակամությունը: Ես կարող եմ փորձարկել այդ զգացմունքները, և ամենակարևորը ՝ դրանք կիրառելի են, ես այլևս երբեք ստիպված չեմ լինի վախից մեռնել: Բայց ու՞ր են, ու՞ր են այն մարդիկ, որոնց վերջապես կկարողանայի ցույց տալ, որ կարողանում եմ լինել ուրիշ: Ես չեմ ուզում որևէ նշանակություն ունենալ, չէ՞ որ այդ դեպքում կրկին պետք է ստիպված լինեի ձևացնել: Ինձ թվում էր, որ ես ի վերջո ազատվել եմ շրջապատի ուշադրության անհարմարությունից, < ինձ մատուցելուց>, որպեսզի արժանանամ նրանց ուշադրությանը: Եվ այնուամենայնիվ, որքան ավելի շատ էին ինձ գրավում մարդիկ, որքան շատ էի ցանկանում բաց լինել նրանց համար, այնքան ավելի մեծ զզվանքով էի խուսափում ցանկացած մեկից, ով մայթով գալիս էր ընդառաջ, ինձ համար ծանր է օտար դեմքեր տեսնելը, ես էլի նույն արմատացած նողկանքն եմ զգում այն ամենի հանդեպ, ինչն ինձնից դուրս է գալիս, ինչ անձամբ ես չեմ:
Իմ գիտակցությունը մնաց ամայի, ես կատաղությունից տենդի մեջ էի ընկնում, այնչափ կատաղությունից, որ սահմանակցում էր սպանության ծարավի հետ, նույնչափ էլ անելանելի էր, քանի որ ես չէի կարողանում այն ուղղել ո՛չ ընդդեմ ինձ, ո՛չ ընդդեմ ցանկացած ուրիշի:
Վստահ եմ ինձ վրա, ինչպես երբևէ, ինքնավստահությունից ես գրեթե կորցրել էի ինձ: Ես անպայման կհաջողեմ շատ բաներ այլափոխել: Ես կդառնամ անճանաչելի: Դեռ քունը աչքերիս չիջած սարսափելի դատարկություն առաջացավ ինչ-որ տեղ , ես ինքս չզգացի,այն անմիջապես լցվեց կապտավուն սև խոտածածկ մացառուտով, և ինչպես կրկնվող մղձավանջի մեջ՝ ինձ պաշարեց մի միտք, թե ես մահացա:
Ես նրան սկսկեցի տեսնել իմ մեջ, դարձյալ իմ այդ արմատացած հոգեգարությունը՝ ժամանակի զգացումը: Ես մտածեցի, որ նա ևս ժամանակ զգացում չունի, նա հազվադեպ էր հիշում, թե ինչ օր է այսօր: Նա ուղղակի չի կարողանում հասկանալ, որ երբևէ կգա ինչ-որ բան անելու ժամանակը: Իսկ հնարավոր է ՝ հենց ժամանակի գերաճած զգացումն ու դրա հետ կապված մշտական ինքնաքննադատությունն է խանգարում ինձ հասնել շղթայազերծ լինելուն, ազատ կենտրոնացվածությանն ու հավասարաչափ պատրաստակամությանը, ինչին ձգտում եմ:
Ինձ սկսում են հուզել հասարակ պատմությունները անհասարակ մարդկանց մասին: Ես ուզում եմ ապրել այլ ժամանակում: Այդ մեկ ուրիշ ժամանակը ապագայում չէր և ոչ էլ անցյալում, այն այլ էր հենց իր բուն էությամբ, ոչ այն, որում ես սովորաբար ապրում եմ և մտովի տեղափոխվում եմ այնտեղ ու դեպի ետ: Այդ այլ ժամանակում անպատճառ պետք է գոյություն ունենա և մեկ ուրիշ տարածություն, ուրիշ բնապատկեր, դրանում պետք է լինի մեկ այլ, քան ներկայիս գիտակցության մեջ, ժամանակի նշանակություն, և զգացողություններին, և բացի դրանից՝ ես ինքս ինձ էլ ամբողջովին զգում էի ուրիշ՝ ինչպես մեր անմարդաբնակ երկիրը այն անսահման հեռավոր ակնթարթին, երբ հազարամյակներ տևած անձևից հետո իմ վրա ընկավ ջրի մի կաթիլ ու առաջին անգամ հենց նույն վայրկյանին չգոլորշիացավ: Այդ զգացումը, որը հազիվհազ, առկայծեց, այնուամենայնիվ, այնքան խոցող էր ու ցավագին, որ նրա ազդեցությունը ևս մեկ անգամ կենդանություն առավ անծանոթի անտարբեր հայացքի մեջ: Այդ հայացքն ինձ թվաց երկար, ակնթարթ, բայց ոչ կպչուն, ուղղակի անսահման հեռավոր, կարծես այն վեր էր բարձրանում անհատակ խորքերից ու միաժամանակ դրանց մեջ հանգչում, լի հուսահատությամբ, որը դուրս էր պրծնում աչքերից: Դա փնտրող ու լուռ ճչոցի չափ տխուր հայացքն էր այլ կնոջ այլ ժամանակից: Նշանակում է՝ իմ կյանքը մինչև օրս դեռևս ամբողջական չէ: Ես նայեցի ժամացույցին:
Շատ չանցած ես քնեցի ամուր ու առանց երազների, բայց ամբողջ գիշերվա ընթացքում ողջ մարմնովս անցնում էր երջանկության անխուսափելիությունը: Այդ զգացումը ցրվեց միայն լուսաբացին մոտ, ես սկսեցի երազներ տեսնել, ու արթնացումը զզվելի էր:
Երբեք չեմ կարողանում ընտելանալ հեռախոսին, եթե պարզվում է, որ ես որևէ մարդու հետ թեթև եմ շփվում, որ ինձ նրա հետ անկաշկանդ ու ընկերավարի եմ զգում, ապա արդեն հաջորդ օրը համակրանքի այդ զգացումը պետք է կրկին վերականգնեմ: Լինել մեկի հետ այդ վիճակն ինձ այսօր էլ է երբեմն թվում արհեստական ու ծիծաղելի, ինչպես վեպի էկրանավորումը: Ես ինձ փքված եմ թվում, երբ ռեստորանում ճաշացուցակ եմ նայում, նույնիսկ երբ պարզապես քայլում եմ մեկի կողքով քայլում եմ, ինձ չի լքում այն զգացումը, թե ձև եմանում, և դա ամենևին էլ ես չեմ, այլ ինչ-որ դերասան:

ծերացումը կտրուկ եղավ

circle-brush-stroke-3
Իմ կյանքում շատ վաղ պարզվեց, որ ամեն ինչ ուշացած է: Տասնութ տարեկանում ես ծերացա: Իմ ծերացումը կտրուկ եղավ: Դա է եղել իմ դեմքը: Այո, իհարկե, ծերացել է, սակայն անհամեմատ ավելի քիչ, քան պարտավոր էր ծերանալ: Կարիքը սկսեց ստիպել մտածմունքների մեջ ընկնել: Ես վախենում էի ինձնից, վախենում էի բոլորից: Ցերեկով ավելի քիչ էի վախենում ,և մահն ինձ պատկերում էր նվազ տաժանելի: Սակայն մահվան միտքն ինձ չէր լքում, ես անգամ ուզում էի սպանել, հաղթել գոնե մեկ անգամ, լոկ մեկ անգամ՝ տեսնելու թե ինչպես է մեկը մեռնում:
Իմ կյանքի պատմությունը չկա, գոյություն չունի: Երբեք առանցք չի եղել: Չկան ճանապարհներ, չկա գիծ: Կան ընդարձակ տարածություններ, որոնք հավաստիացնում են, թե եղել է ինչ-որ մեկը, դա ճիշտ չէ, ոչ ոք չի եղել: Իմ ջահելության մի մասն արդեն փոքրիշատե անցել է, դե ուզում եմ ասել այդքանով էլ արդեն կարելի է ինչ-որ բան կռահել: Այն ինչ անում եմ այստեղ, և նույնն է, և տարբեր: Առաջ պատմում էի լուսավոր ժամանակների մասին, այն ժամանակների մասին, որոնք լուսավորված էին: Այստեղ խոսում եմ այդ նույն ջահելության թաքցրած ժամանակների մասին, իմ չնկատած որոշ փաստերի, զգացումների, իրադարձությունների մասին: Ես սկսեցի գրել մի միջավայրում, որն ինձ խստագույնս պահում էր ամոթխածության շրջանակներում: Գրելը նրանց համար թերևս բարոյական էր համարվում: Այժմ ինձ թվում է, թե ընդհանրապես անիմաստ է գրելը: Երբեմն ավելի հստակորեն եմ ըմբռնում, երբ այդ պահին ամեն ինչ խառնված է, երբ գնում ես դեպի դատարկությունն ու քամին, անիմաստ է գրելը: Այո, եթե ժամանակը չէ, եթե ամեն բան խառնված է մի անորակելի ունայնությնա մեջ, գրելը դառնում է զուտ գովազդ: Սակայն ավելի հաճախ եմ հրաժարվում իմ այս կարծիքից՝ տեսնելով, որ բոլոր ուղիները բաց են, որ այլևս չկան պատնեշներ,որ գրածովդ այլևս չես կարող անհանգստանալ, թե որտեղ թաքնվես, որտես գործես, որտես կարդացվես, որ քո հիմնային անհամապատասխանության համար կարող ես չվախենալ, բայց դրանից հեռու ես չեմ մտածում:
Այժմ տեսնում եմ, որ շատ ջահել դեմքս ստացավ ախտականխիչ արտահայտությունը, որ հետագայում ձեռք բերեցի խմիչքի ազդեցության տակ: Ալկոհոլային այդ դեմքը ես ձեռք բերեցի մինչև խմելս: Խմիչքը վավերացրեց այն, որի համար տեղ ունեի իմ մեջ, ես դա հասկացա ուրիշների նման, սակայն զարմանալիորեն ՝ ժամանակից շուտ: Դեմքս մռայլ էր, այդ արտահայտությունը հստակ էր երևում, անգամ մայրս էր նկատում: Բախտս բերել էր , որ ունեի նման մաքրամաքուր հուսահատությանը տրվող մայր, որին ապրելու ամենաուժգին երջանկությունն անգամ անկարող էր ցրել:

Վերքերիս թացությունը հոտ ուներ

5bcc2d6fc90254bec27939cae469b99d
Ես միշտ չափում էի քայլերս, հուզում ինքս ինձ, որ ստեղծեմ ու ես հասկացա, որ եթե սիրտս չարտադրի ես շատ կարճ կապրեմ: Դա ինձ ուրախացնում էր, որովհետև սիրտս արագ էր զարկում: Ես հասկանում էի ինչ է վախը, իսկ ամենից շատ ես ցավում էի, որովհետև ընկել էի: Իմ անկումը ստիպեց լողալ սովորել սեփական արյան մեջ, ես խմում էի ինձ: Իսկ աչքերս ու հոգիս դառնացել էին: Ես վաղուց չէի հիշում ինչ է ժպիտը՝ իսկական ժպիտը: Ոչինչ արժեք չուներ անգամ ոչինչը: Այդ ամենից ես հոգնել էի, հոգնել էի ամենօրյա պլաններից, ինչպես հաղթեմ ինձ՝ թերությունս, թուլությունս: Ես ինձնից շատ գաղտնիքներ ունեյի: Ես թաքցնում էի ինձ, որ չնկատվեմ, որովհետև այդ դեպքում ամեն օր պիտի գտնեյի գեղեցկության արձանս, իսկ այն չկար, երևի ստեղծել էր պետք: Ես հասկացա աշխարհում ինձնից ծույլ մարդ չէր գտնվի ես վախենում էի հիասթափեցնել ինձ: Գեղեցկության արձանը վաղուց եմ փնտրում: Այսօր հասկացա, որ գոյություն չունես: Հիմա կամ հետո կտանջվեմ քո թերությունից: Շատ գեղեցիկ լինելն ամենամեծ թերությունն է: Երբ դեռ փոքր էի ինձ ամենայն փերի էին կոչում: Ամեն ինչ կորցնելը ավելի դժվար է քան պահպանելը: Կյանքի երջանկությունը պետք է զատել զվարճանքից: Այն ինչ ուրախալի է ժամանակավոր է ու ոչ պետքական: Երանի նրանց, ովքեր դա հասկանում են: Ամենահուզիչը ժամանակի հետ չկորանալն է: Ես մի օր այնքան լիքն ու անթերի էի զգում, իսկ հաջորդ րոպեն ասես սիրտս արյունոտ ու ավազոտ կրակի տակ վառում էր: Վերքերիս թացությունը հոտ ուներ, սիրտս այնքան արագ էր աշխատում, որ ես զգում էի մահը: Ամենինչ ավելի գեղեցիկ էր: Ես միշտ մենակ եմ եղել, բայց ամենից շատ տառապել եմ, երբ շատերն են հիշել ու կարեկցել ինձ: Ես փոքր էի մտքով ու սրտով, ինձ տրորելն այնքան մեծ ուժ էր պահանջում, բայց ոչ բարդություն:

վաղուց եմ մեծացել

bd86e30a9d10fc7493c33d85c16f84cd
Դու կաս թե չէ, ես ապրելու եմ: Ես սիրելու եմ ի դիտավորություն, ի հակասում քեզ: Ես քեզ լավ գիտեմ, երբեմն թվում է ինձնից էլ լավ: Իսկ ի՞նչ կտա դա, եթե անկեղծ ես վաղուց եմ մեծացել, ինձ այլևս չեն հուզում սրտաճմլիկ զգացումներն ու սերերը, կարմիր վարդերն ու սիրուն փողկապները: Ես դեռ այնքան անելիքներ ունեմ, իսկ ժամանակս գնալով խեղդում է, ես համբերատար չեմ, ես սպասել չեմ սիրում, ես ինձ սփոփել չեմ սիրում, ես այլևս այն չեմ ինչ եմ ներքուստ: Ես ունեմ պահանջներ ու պահանջմունքներ, ես ես եմ:
Կյանքում առաջնային է դարձել իմ մասին հոգ տանելը, քանի որ վաղուց է ինչ ինքս ինձնով եմ բուժվում: Որքան էլ սիրուն է այն ինչ գոյություն չունի ակնհայտ է, որ ահռելի սիրուն է այն ինչ գեղեցիկ չէ: Սերը չի տրվում կարիքավորներին, ինչպես փողն ու արժեքները: Որքան էլ լավն ես վատն ավելի շատ է մնալու մեջդ, քեզ այլևս չի հուզում այն ինչ կա հիմա, դու ցանկանում ես ավելին ու միշտ ու հենց հիմա: Դու սիրո հետ թևեր կստանաս, իսկ մի՞թե դա այն է ինչի կարիքն ունես հիմա: Ո՛չ, երբեք, դու միշտ ընտրում ես ինչի կարիք ունես, ես էլ կընտրեմ: Կյանքում առաջին անգամ կընտրեմ այն ինչ կխնայի ինձ, կպաշտպանի, կպահի հեռու ցավերից ու վերքերից: Սերը մեջքիդ աճող թևեր չեն, սերը կարիք էլ չի, ո՛չ հուզում, ո՛չ փառք, ո՛չ ուժ:
Դա կյանքում ամենաժամանակային ժամանակավոր բանն է, քեզ կյանքդ էլ քչություն կանի, դու երբեք չես լինի այն ինչ կարծում ես, քանի դեռ քեզ թույլ չտաս սիրել ու սխալվել: Վախերն ընտրություններ են, դու խուսափում ես հիասթափությունից, դու վախենում ես բացել սիրտդ ու դուրս գալ բնից: Մենք մեր բներում տաք ենք ու մենակ, վտանգներն են քիչ, իսկ դրսում ձմեռը չի դադարում:
Ես իմ խնամքով եմ տարված դեռևս այն օրից երբ շատ մեծացա, մեջիս սիրուն ու փոքրը քչերին է հասանելի, բայց ես անկեղծ եմ երկար ժամանակ կեղծ լինելուց հետո: Համենայն դեպս ես հասա, սև ու սպիտակը չի հաղթում, չապլինյան կյանքը թափվում է գլխիս:
Համենայն դեպս ես հասա այնտեղ, որտեղ ես իմ մասին մտածում եմ, պաշտպանում եմ ինձ ինձնից՝ թույլ չտալով,որ ամեն փոթորիկ ներսս քանդի:
Ես քեզ սկսում եմ չափից շատ սիրել ու չեմ ուզում մեղադրել քեզ ինձ չտեսնելու համար, կներես, ես գնում եմ: Կներես, ես այլևս այն չեմ ինչ եղել եմ, ես արդեն մեծացել եմ:

Մի հետաքրքրվիր ինչպիսին ես

35490913_1018204525010101_6791529470453874688_oԱշխարհում ամենահետաքրքիր պատկերը մարդու անհնարինին հավատալու կարողությունն է: Այո, մի՛ խաբվեք, ամեն ինչ չէ,որ հնարավոր է: Անհնարը միշտ չէ, որ հնարավոր է: Անհնարը միշտ ավելի բարձր կլինի: Երանի նրանց, ովքեր հավատում են սիրուն, սիրում են հաշվել իրենց բակի ծառերն ու չեն ցավում անցյալով: Մահը կամաց-կամաց դառնում է ամենահեշտերից ամենահաճելին: Ու ես վախենում եմ,թե կապրեմ ավելի երկար քան կարող եմ: Պարկեշտ հիմարությունը ամենամեծ երջանկությունը կդառնա: Այսօր ամեն ինչ հեշտ է, ցանկությունդ պիտի ուժեղ լինի: Բոլոր բարդ ու անհասկանալի մտածողները գրագիտության գագաթին կանգնած ավելի դատարկ են, որովհետև իսկական մտածողը պիտի արթնացնի միտք ու զգացմունք, չխառնենք դա կրիտիկայի հետ, անգամ հաճելի է, երբ համամիտ չեն քեզ հետ ու դու պիտի պայքարես քո մտքի համար, դրանով դու հատուկ ես ու առանձին: Դու դառնում ես մարդ: Ի վերջո եթե շատերը քեզ նման են ուրեմն ինչ որ տեղ սխալվել ես: Երբ կյանքում շատ ես վախենում պիտի անջատես զգացմունքներդ ՝ թողնելով ակտիվ էմոցիաներդ: Մի հետաքրքրվիր ինչպիսին ես, հասկացիր ու կդառնաս հետաքրքիր: Գեղեցկությունը ամենատափակ մոլորությունն է մեր կյանքում, այն մեզ մղում է մահվան ու ցավի, սիրտդ չի դիմանում: Ես սարսափում եմ կորցնել այն, ինչ երազում եմ: Ու ես ցավում եմ, քանզի երազներում ամեն ինչ փուջ է: Երանի նրանց, ովքեր մեծ ուժ ունեն, ովքեր հավատում են:

Ու ես էլի հասկացա

PicsArt_06-04-12.20.21Ու ես էլի հասկացա, որ կյանքս կրկնվում է: Ամեն ինչի ու ամենքի վերաբերմունքը իմ աշխարհի շուրջ մնում է նույնը, ավելի ցավոտն այն է, որ կանխատեսելի: Իսկ դա նշա՞ն է, որ ես իմ կյանքից դասեր չեմ քաղում անդադար կրկնելով այն ինչ գիտեմ սխալածին է: Ուղղակի ես ուզում եմ ազատվել սխալ- ճշտի իմ պայքարից, ես ուզում եմ լինել պարզապես, առանց նկարած կամ սիմվոլիկ ֆիգուրների: Ես գիտեմ ՝ինչ կլինի ինձ հետ: Արդյո՞ք դա սարսափելի չէ, երևի ես ինձ բավական ճանաչում եմ, բայց չեմ դադարում անել այն ինչ ըստ իմ նախանշածի պետք է դիտարկվի որպես ճիշտ:
Գիտե՞ք, ես հոգնել եմ լինել կատարյալ՝ չգնահատելով անգամ նրանց, ովքեր ինձ սիրում են: Ես հիմա այնքան բան չեմ զգում ու դա իրոք սարսափելի է, քանի որ երբ դադարում ես զգալ զգացումներդ, ներսից մի բան գազանի նման վրա է տալիս ու քեզ մնում է ջարդած տաշտակ՝ լի սխալներով: Իսկ ի՞նչ եթե այն ինչ անում եմ կամ կանեմ սխալ չէ: Երկու դեպքում էլ ինձ մնում է ցավը անդարդ կախված իմ մենության շնչառության հետ:
Ես պարզապես չեմ զգում սահմանը, որտեղ եմ սկսվում ու վերջանում:
Ես էգոիստ եմ, և մի՞թե դա վատ է:
Այսօր չեմ ընկճվի եթե անգամ ամբողջ աշխարհն ինձ սխալ հանի: Ի՞նչ կլինի ինձ հետ եւ ես հասկացա՝ խնդիրն այն է, որ ես շտապում եմ, բացառիկ անհամբեր եմ ու չջարդվող:
Ինձ կոտրելն անհնար է, բայց բաժանել մասերի ու տանջամահ անել հնարավոր ու թույլատրելի:
Ցավալին այն է, որ ես այն չեմ ինչ ուզում եմ լինել: Եվ երբեք չեմ լինի քանի որ այն գինը որ կտամ ինձ հասնելուը համար ինձնից կխլի այն ինչ իրոք սիրում եմ:
Լույսը չի բացվի այլ կերպ, երկիրը չի դադարի պտտվել, իսկ ես չեմ դադարի լինել, որքան էլ ցանկանամ կանգնեցնել այն ինչ ունեմ ու լքել բոլորին ու միանգամից:
Ես սիրում եմ բարդություններ, խնդիրներ առանց դրանց ապրել չի ստացվում: Երեկ ես իրոք վախեցա, քանի որ սատանու պես մի բան կանգնեց իմ առաջ ու թվաց թե լույսը չի բացվի դրա համար ես երջանիկ քնեցի: Վաղուց այդքան հանգիստ գլուխս բարձին չէի դրել, առանց հոգնածության ու քունս փակեց աչքերս այնքան ամուր, որ գիշերն ավելի երկար տևեց քան սովորաբար:
Ես արհեստական եմ ու դա բնության մեջ սարսափելի է, ես ինձ պահում եմ այնպես ինչպես չեմ կարողացել, բայց ցանկացել եմ:
Ես ազատության եմ ձգտում, ազատ լինել ինձնից, պատասխաններից, հաշիվներից, խնդիրներից, ցավերից, բայց ամենի հիմքում մի բան կա ես ուղղակի սիրված լինել եմ ուզում:
Ես սիրված եմ, բայց քանի որ բավարարվել չգիտեմ  այն ինչ ունեմ միշտ պակասորդ է տալիս: Ես կսկսեմ պարզապես գնահատել ներկաս, պարզապես հաշտվելով այն կերպարի հետ, որը ստեղծել եմ  ձեզ համար: Քանի որ ինքս երբեք չեմ գոհացել, ինձ հաճելի է գոհացնել մարդկանց,  քանի որ ինքս երբեք ինձնով չեմ հպարտացել, ինձ հաճելի է հպարտացնել մարդկանց,քանի որ ինքս երբեք այն չեմ եղել, ինձ հաճելի է լինել այն ինչ ուզում եք լինեմ: Այդ պարագայում ես կլինեմ լավը, իսկ ո՞վ է ասել՝ որն է լավը, որը վատը: Չգիտեմ, ես ուղղակի պարտավոր եմ լինել այն ինչ ցանկանում եք լինեմ: